ՄԻՋՈՂՆԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՃՈՂՎԱԾՔ

ՄԻՋՈՂՆԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՃՈՂՎԱԾՔ

Միջողնային սկավառակի ճողվածքը ողնաշարի հիվանդություն է, որի պատճառն է հանդիսանում միջողնային սկավառակի անբավարար սնուցումը, որը հրահրում է վերջինիս ճեղքումը և դրա բովանդակության տեղախախտումը (սահմանից դուրս գալը) դեպի ողնուղեղային հատված:

Նման երևույթն առաջացնում է մեջքի ցավեր, բորբոքային գործընթացներ և նյարդային վերջույթների սեղմումներ:

Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:

Միջողնային սկավառակի ճողվածքի ախտանիշները

Միջողնային սկավառակի ճողվածքը հիմնականում դրսևորվում է մեջքի ցավերով: Ցավացող հատվածը կախված է ճողվածքի տեղակայման մասից. գոտկատեղային հատվածի ճողվածքի դեպքում ցավը կենտրոնանում է մեջքի ստորին հատվածի վրա և փոխանցվում («կրակում») ոտքին: Հնարավոր է նույնիսկ ոտքերի մասնակի թմրածություն՝ ազդրից մինչև ոտնաթաթ, ոտքերի և ձեռքերի մատների ծակծկոցներ:

Ողնաշարի վերին հատվածի ճողվածքը դրսևորվում է մեջքի վերին հատվածի ցավերով, որը փոխանցվում է ձեռքերին և ուսերին:

Միջողնային սկավառակի ճողվածքի յուրքանչյուր տեսակի դեպքում ցավը կրում է սուր բնույթ և առաջանում է հանկարծակիորեն, կտրուկ թեքվելիս կամ պտտվելիս, սաստիկ սառչելիս և ձեռքով ծանրություններ բարձրացնելիս:

Հնարավոր են գլխապտույտներ (հատկապես ողնաշարի վերին հատվածի ճողվածքի դեպքում), ջերմության աննշան բարձրացում, դժվար շնչառություն և ընդհանուր թուլություն: Ողնաշարի ընդհանուր շարժունակությունը նույնպես նվազում է:

Պարանոցային հատվածի միջողնային ճողվածքը նույնպես բնութագրվում է մշտական գլխացավերով, պարանոցային հատվածի ցավերով և գլխապտույտներով:

Միջողնային ճողվածքի բուժումը

Համալիր հետազոտության անցկացումն անհրաժեշտ է հիվանդության ընդհանուր պատկերը ստանալու և միջողնային ճողվածքի՝ անհատականորեն ընտրված բուժման նշանակման համար: Միջողնային ճողվածքի բուժման յուրաքանչյուր կուրս ներառում է ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքների ընդունում:

Խորհուրդ է տրվում նաև մկանային ջղակծկումները (սպազմ) թուլացնող դեղորայքների ընդունումը:

Ներկայումս գոյություն ունեն միջողնային ճողվածքի բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնք համալիր կիրառման դեպքում արդյունավետ ազդեցություն են ունենում:

Մեր կենտրոնում բուժման հիմնական մեթոդն է հանդիսանում համալիր ֆիզիոթերապևտիկ բուժումը: